Պատմություն

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որը գործում էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը, որով հաստատվել է գործակալության կառուցվածքը։

Այնուհետև, 2021թ.-ի հուլիսի 26-ին Մտավոր սեփականության գործակալությունը վերանվանվել է Մտավոր սեփականության գրասենյակ և ՀՀ Վարչապետի թիվ 786-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի նոր կանոնադրությունը, որով պահպանվել են Գրասենյակին վերապահված բոլոր գործառույթները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1996 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գրասենյակը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։

Գրասենյակը յուրաքանչյուր ամիս հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որը հրապարակվում է Մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնական կայքէջում։ 
Գրասենյակը հրատարակում է նաև արտոնագրված գյուտերի լրիվ նկարագրությունները։

Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջև «Կոմպակտ սկավառակների վրա արտոնագրային տեղեկատվական տարածաշրջանային համատեղ արտադրանքի թողարկման մասին» Մոսկվայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվում են գյուտերի մասին մատենագիտական տվյալները։

Գրասենյակի գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվող տարեկան հաշվետվություններում։

 

Այսօր Մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում:

Այն իրականացնում է արդյունաբերական սեփականության օբյեկտների՝ գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային և սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների, ապրանքների ծագման տեղանունների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պետական գրանցումը, գրանցման արդյունքում տրամադրում է արտոնագրեր և վկայագրեր, ինչպես նաև վարում է նշված օբյեկտների պետական գրանցամատյանները: Գրասենյակն իրականացնում է դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման և օգտագործման իրավունքի  ընձեռնման՝ ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի, այդ թվում՝ բաց լիցենզիաների գրանցում, տրամադրում է խորհրդատվություն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերի վերաբերյալ, ապահովում մտավոր սեփականության բնագավառի կադրերի պատրաստումը, իրականացնում մտավոր սեփականության բնագավառին առնչվող այլ աշխատանքներ: 

Գրասենյակը համագործակցում է այլ երկրների համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ և կատարում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած համապատասխան պարտավորությունները:
Գրասենյակն իրականացնում է նաև օրենսդրության կատարելագործմանն ուղղված բարեփոխումներ, որոնք միտված են գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նորարարության և տնտեսության զարգացման խթանմանը:  

Հայտարկված, ինչպես նաև իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական տեղեկությունները Գրասենյակը նախապատրաստում և հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: