2022 թվականի հուլիսի 14-22-ը Ժնևում (Շվեյցարիա) կայացած Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանը հանդիպում ունեցավ ՄՍՀԿ անցումային և զարգացած երկրների դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Ասան Հաբիփի հետ:
Հայաստանում ՄՍ ոլորտի զարգացման նպատակով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ իրազեկման բարձրացման, համատեղ միջոցառումների անցկացման, ՄՍՀԿ ուսումնական նյութերի թարգմանության նպատակով Կազմակերպության կողմից աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
2022 թվականի հուլիսի 18-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Ռաֆայել Գևորգյանի և Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար տիկին Քրիստինե Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվեց
փոխըմբռնման հուշագիր
մտավոր սեփականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Փոխըմբռնման հուշագիրը միտված է ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով հետագայում զարգացնել ՄՍ ազգային համակարգը՝ իրականացնելով ՄՍ ազգային ռազմավարությունը, ներդնելով ՄՍ կրթության համակարգ, հզորացնելով առևտրայնացման ոլորտում համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների կարողությունները և ձևավորելով ՄՍ իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորում: