2025 թ. նոյեմբերի 26-ից 27-ը Երևան քաղաքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ կազմակերպել էր հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեությանը նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել ՄՍՀԿ ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից, Հայաստանի Հանրապետության կառույցների ներկայացուցիչներ: Մասնակիցների շարքում էին շահագրգիռ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՄՍՀԿ-ի ծառայությունները կոլեկտիվ կառավարման ոլորտում, լիցենզավորման, հավաքագրման և բաշխման արդյունավետ փորձը, հեղինակային իրավունքի ենթակառուցվածքը, թվային դարաշրջանում իրավունքների կոլեկտիվ կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները, հեղինակային վարձատրության սահմանման արդյունավետ փորձը և կառավարության կողմից իրականացվող վերահսկողության և մշտադիտարկման արդյունավետ փորձը:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Անուշիկ Ավետյանը և Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարը: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄՍՀԿ ներկայացուցիչը, Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիայի (CISAC) տարածաշրջանային ղեկավարը, հունգարական «Արտիսիուս» (“Artisjus”) կոլեկտիվ կառավարման կազմակերպության գործադիր տնօրենը, Լեհաստանի «Զաիքս» (“ZAiKS”) հեղինակների միության և առաջատար կոլեկտիվ կառավարման կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ: