2025թ. մայիսի 30-ից հունիսի 5-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական հանձնաժողովի (IGC/51) 51-րդ նստաշրջանը:
Հայաստանի Հանրապետության կողմից նստաշրջանին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչը՝ ակտիվ մասնակցելով քննարկումներին, որոնք նպատակ ունեին ամրապնդել միջազգային համագործակցությունը ավանդական գիտելիքների և գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտում։ Միջոցառման շրջանակում ՀՀ ներկայացուցիչը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակների հետ՝ քննարկելով ՄՍ գործիքակազմի կիրառման հնարավորությունները ավանդական գիտելիքների ու գենետիկական ռեսուրսների պաշտպանության գործում։
Հանձնաժողովի նիստերի արդյունքում որոշում է կայացվել երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը ևս երկու տարով։ Քննարկվել են նաև
«Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքների մասին» ՄՍՀԿ պայմանագրի
փոփոխվող հոդվածները, որոնք ներկայացվելու են հաստատման 2025թ. հուլիսին կայանալիք Գլխավոր համաժողովի հանդիպումներին։