2026 թ. նոյեմբերի 18-ից 19-ը Երևանում կայացավ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարում. ԵՄ և միջազգային լավագույն փորձի փոխանակում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ԵՄ և միջազգային լավագույն փորձը և նպաստել Հայաստանում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգի կատարելագործմանը՝ կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների (ԿԿԿ) կառավարման, թափանցիկության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հեղինակների, օգտատերերի և համապատասխան կառույցների միջև համագործակցության խթանման միջոցով։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչները։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի հեղինակային իրավունքի համակարգը, ոլորտի վերջին զարգացումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների և այլ երկրների՝ կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության փորձը։ Քննարկվեցին ԿԿԿ-ների կառավարման և թափանցիկության ապահովման արդյունավետ մեխանիզմները, թվային երաժշտական հարթակների հետ լիցենզավորման գործընթացները, հեղինակային վարձատրության հավաքագրման և բաշխման հարցերը, ինչպես նաև զարգացող տնտեսություններում կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արհեստական բանականության ազդեցությանը հեղինակային իրավունքի և կոլեկտիվ կառավարման համակարգի վրա։ Ներկայացվեցին EUIPO-ի համապատասխան ուսումնասիրության հիմնական արդյունքները, քննարկվեցին գեներատիվ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակության նկատմամբ իրավունքների պատկանելության, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի և հնարավորությունների հարցերը։ Աշխատաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և ԿԿԿ-ների նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Ամփոփվեցին Հայաստանի համար առաջնահերթությունները և EU4IP ծրագրի շրջանակներում հետագա աջակցության ու համագործակցության հնարավոր ուղղությունները։