Նորություններ

2026 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ 17-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

22.09.2026
2026 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ 17-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

2026 թ. սեպտեմբերի 16-ից 17-ը Երևան քաղաքում կայացավ Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման վերաբերյալ ազգային վերապատրաստումը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համագործակցությամբ։ Վերապատրաստման նպատակն էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում խորացնել մտավոր սեփականության իրավունքների կիրարկման վերաբերյալ գիտելիքները և նպաստել ոլորտում համագործակցության ու կարողությունների զարգացմանը։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ Վերապատրաստմանը որպես խոսնակներ մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբանական ընկերությունների մասնագետներ։

Վերապատրաստման շրջանակներում քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքների կիրարկման և մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորման կարևորությունը, ազգային օրենսդրությունը, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունների քննության ռազմավարությունները, մեթոդներն ու գործիքները։ Անդրադարձ կատարվեց նաև միջազգային համագործակցության և փոխադարձ իրավական օգնության մեխանիզմներին։ Վերապատրաստման եզրափակիչ հատվածում իրականացվեց ապրանքների նույնականացման վերաբերյալ գործնական ուսուցում՝ «INTA» և «React» կազմակերպությունների աջակցությամբ, որի շրջանակներում ներկայացվեցին ապրանքների իսկության ստուգմանն ու կեղծ արտադրանքի հայտնաբերմանն ուղղված մոտեցումներ։