Նորություններ

ԱԼԻԿԱՆՏԵՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

09.11.2026
ԱԼԻԿԱՆՏԵՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

2026 թվականի նոյեմբերի 5-6-ը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) կենտրոնակայանում, տեղի է ունեցել «Աշխարհագրական նշումների ոլորտում համագործակցության ծրագրերի ամրապնդում» խորագրով միջազգային համաժողովը։

Համաժողովը կազմակերպվել է EUIPO-ի, oriGIn միջազգային ցանցի և Origen España կազմակերպության համագործակցությամբ՝ միավորելով տարբեր երկրների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, արտադրողների միավորումների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների։

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, նույն գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների բաժնի պետ Աննա Հայրապետյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհագրական նշումների իրավական պաշտպանության, շուկայական ներուժի ընդլայնման, արտադրողների միավորումների դերի, միջազգային ճանաչելիության բարձրացման և ոլորտում համագործակցության զարգացման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, գինեգործական, արհեստագործական և արդյունաբերական արտադրանքի աշխարհագրական նշումների առանձնահատկություններին։