2023 թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը ք. Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական արտոնագրային կազմակերպության Վարչական խորհրդի 43-րդ (30-րդ հերթական) նիստը, որին մասնակցել է Վարչական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանը:
Նիստի ընթացքում ընդունվել են հետևյալ հիմնական որոշումները.
1. Որոշում է կայացվել 2024 թվականի հունվարի 1-ից ճշգրտել եվրասիական արտոնագրերի տրամադրման հայտերի առնչությամբ կատարվող իրավական նշանակալի և այլ գործողությունների համար տուրքերի չափերը:
2. Հաստատվել են Արտոնագրային հրահանգում կատարվող փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից.
սահմանվել է եվրասիական հայտ ներկայացնելիս գյուտի հավակնության սահմանման ներկայացման վերջնաժամկետ,
հայտատուին հնարավորություն է ընձեռվել շարունակել եվրասիական հայտով գործավարությունը եվրասիական հայտը ներկայացնելիս գյուտի հավակնության սահմանման ժամանակին չներկայացնելու դեպքում, ներառյալ՝ զատված հայտի փոփոխված հավակնության սահմանումը,
գյուտերի և արդյունաբերական նմուշների եվրասիական արտոնագրերի տրամադրման դեմ առարկությունների ներկայացման ժամկետը վարչական չեղարկման ընթացակարգով 9 ամսից դարձել է 3 տարի,
հստակեցվել են արդյունաբերական նմուշների եվրասիական հայտերի փորձաքննությանը վերաբերող դրույթները,
ներդրվել է վեճը հաշտարարության ընթացակարգով լուծելու հնարավորություն այն դեպքում, երբ արդյունաբերական նմուշը նույնական է կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ առաջնություն ունեցող ապրանքային նշաններին:
3. Հաստատվել է Եվրասիական դեղագործական գրանցամատյանի կանոնակարգը:
4. Ինչպես նաև Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ պետությունների գերատեսչությունները սահմանել են ՏՏ համագործակցության առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակում արդյունաբերական սեփականության գրանցամատյաններից, այդ թվում՝ CISPATENT նախագծի զարգացման շրջանակներում, արհեստական
ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության ոլորտում, էլեկտրոնային փոխգործակցության բարելավում եվրասիական արտոնագրային ընթացակարգում և այլն։