Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2024» (Global Innovation Index) ամենամյա զեկույցում Հայաստանի Հանրապետությունը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով առաջընթաց 9 դիրքով՝ աշխարհի 133 երկրներից զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:
Ամեն տարի «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս»-ը գնահատում է երկրների վարկանիշն ըստ նորարարության ոլորտում իրենց ունեցած կարողությունների և հաջողության, որը հրապարակվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից: Այն ստեղծվել է 2007 թվականին INSEAD բիզնես դպրոցի և բրիտանական World Business ամսագրի կողմից:
Տնտեսությունների նորարարական կարողությունների խմբին են դասվում ինովացիոն ներդրումը և ինովացիոն արտադրանքը: Ինովացիոն ներդրումը ներառում է ինստիտուտներ, մարդկային կապիտալ և հետազոտություններ, ենթակառուցվածքներ, շուկայի բարդություն, բիզնեսի բարդություն, որոնք հնարավորություն են տալիս ծավալել նորարարական գործունեություն։ Ինովացիոն արտադրանք են համարվում գիտելիքի և տեխնոլոգիաների արտադրողականությունը, ինչպես նաև ստեղծագործականությունը: