Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ Ակադեմիայի գործադիր տնօրեն Հոնգբինգ Չենի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ընթացքն ու առաջիկա քայլերը։ Նշվել է, որ կենտրոնի հիմնադրման գործընթացը մեկնարկել է 2023 թվականին՝ ՄՍՀԿ Ակադեմիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի միջև կնքված համագործակցության հուշագրի հիման վրա։ Ծրագրի շրջանակում իրականացվել են դասընթացավարների վերապատրաստման երկու փուլեր, որոնց արդյունքում որակավորվել են մտավոր սեփականության ոլորտի 16 ազգային դասընթացավարներ։ Քննարկվել են նաև 2026 թվականին նախատեսվող պիլոտային ուսումնական ծրագրերը, որոնցից առաջինը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին Հայաստանում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՄՍՀԿ Ակադեմիայի կողմից առաջարկվող վերապատրաստման և կարողությունների զարգացման ծրագրերը։ Պարոն Հոնգբինգ Չենը նշել է, որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի ընդգրկվելու ՄՍՀԿ Ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերում և ակտիվ մասնակցություն ունենալու դրանց։ Նա նաև վերահաստատել է ՄՍՀԿ Ակադեմիայի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի մտավոր սեփականության ոլորտում կարողությունների զարգացմանը և Ակադեմիայի ծրագրերում երկրի հետագա ներգրավվածությանը։