Նորություններ

ՄՍՀԿ-Ի ԱՆՑՈՒՄԱՅԻՆ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.07.2026
ՄՍՀԿ-Ի ԱՆՑՈՒՄԱՅԻՆ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ-ի Անցումային և զարգացող երկրների բաժնի տնօրեն պարոն Հաբիպ Ասանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականին ՄՍՀԿ-ի հետ համատեղ մեկնարկած և ներկայումս շարունակվող ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ համագործակցության շրջանակում իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Արժեքի բացահայտում․ մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրին, որի շրջանակում իրականացվում են կարողությունների զարգացման միջոցառումներ և վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև մշակվում է «Մտավոր սեփականություն և բրենդավորում հայկական գինու համար» ուղեցույցը։

Քննարկվել է նաև 2025 թվականին մեկնարկած «Մտավոր սեփականությունը բջջային հավելվածների համար» (IP4Apps Bootcamp) միջազգային դասընթացը, որն իրականացվել է ՄՍՀԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությամբ և ուղղված է երիտասարդ ծրագրավորողների ու ուսանողների շրջանում մտավոր սեփականության վերաբերյալ գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-17-ը Երևանում նախատեսվող «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ազգային վերապատրաստման դասընթացին», որը կկազմակերպվի ՄՍՀԿ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ ջանքերով։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակը մինչև 2026 թվականի ավարտը ՄՍՀԿ-ին կներկայացնի 2027 թվականին ՄՍՀԿ աջակցությամբ նախատեսվող միջոցառումների և ծրագրերի առաջարկները՝ հետագա համագործակցության ուղղությունները ձևավորելու նպատակով։

Կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և ՄՍՀԿ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը և մտավոր սեփականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։