Նորություններ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ 65-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՍՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ Ս․ Թ․ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

15.07.2024
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ 65-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՍՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ Ս․ Թ․ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) համաժողովների 65-րդ հանդիպումների շրջանակում ՄՍՀԿ գլխավոր տնօրենը ս․ թ․ հուլիսի 8-ին երկկողմ հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ։
Հանդիպմանը ներկա էին ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դարեն Թանգը, Տարածաշրջանային և ազգային զարգացման ոլորտի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբը, Անցումային և զարգացած երկրների բաժնի տնօրեն Հաբիբ Ասանը, ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄՍ զարգացման ռազմավարության մշակման հարցերը: Դարեն Թանգն առաջարկեց ՄՍՀԿ աջակցությունը Մտավոր սեփականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման հարցում:
Դ․ Թանգը հաստատեց  Հ. Քլայբի մասնակցությունը Մտավոր սեփականության գրասենյակի և ՄՍՀԿ  հետ համատեղ կազմակերպվող «Աշխարհագրական նշումների պահպանությունը» խորագրով միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել Երևանում 2024 թ. նոյեմբերին:
ՄՍ գրասենյակի ղեկավարը ներկայացրեց ՄՍՀԿ և Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումները, մասնավորապես նշելով, որ 2023 թվականից երկու տարի ժամկետով թվով 25 մասնագետներ վերապատրաստվում են ՄՍՀԿ ակադեմիայի կողմից՝ առցանց անցկացվող դասընթացների միջոցով: Այս առումով կարևորեց հայերեն լեզվով համապատասխան ուսումնական  նյութերի մշակման հարցը:
Քննարկվեցին նաև ՄՍ իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: Դ. Թանգն առաջարկեց վերապատրաստումներ անցկացնել ՀՀ իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների շրջանակում, ովքեր պատասխանատու են ՄՍ իրավունքների խախտումների կանխման համար: Վերապատրաստումներ կկազմակերպվեն նաև դատավորների համար:
ՄՍՀԿ գլխավոր տնօրենը ՄՍՀԿ անվերապահ աջակցությունը հայտնեց բարձրացված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մեկ անգամ ևս վերահաստատեց գլխավոր տնօրենի Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը։