Մտավոր սեփականությունը (ՄՍ) ստեղծարար մարդու մտավոր գործունեության հետևանքով
ստեղծված արդյունքն է, որն իրենից ներկայացնում է ոչ նյութական արժեք:
Մտավոր սեփականությունը բաժանվում է 2 հիմնական ճյուղերի՝
Արդյունաբերական սեփականություն, որը ներառում է գյուտերը, արդյունաբերական դիզայնները, ապրանքային և սպասարկման նշանները, աշխարհագրական նշումները,
Հեղինակային իրավունք, որը ներառում է գրականության, գիտության և արվեստի
բնագավառների ստեղծագործությունները և հարակից իրավունքները, որոնք ներառում են կատարողների, հնչյունագրեր արտադրողների, տվյալների բազա պատրաստողների իրավունքներն իրենց ստեղծագործությունների նկատմամբ:
Մտավոր սեփականության արգասիք են հանդիսանում ստեղծարար ոլորտները, ինչպիսիք են ճարտարապետությունը, արհեստագործությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, ինչպես նաև գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և այլն:
Մարդկության առաջընթացն ու բարեկեցությունը կախված են հենց այդ ոլորտների զարգացումից, պահպանությունից և պաշտպանությունից, իսկ մտավոր սեփականության համակարգն ունի վճռորոշ դեր այդ ոլորտների իրավական պահպանության և հուսալի պաշտպանության համար:
Մտավոր սեփականության համակարգը թույլ է տալիս ստեղծագործողներին և գյուտարարներին պաշտպանել իրենց ստեղծագործություններն ու գաղափարները և ստանալ պատշաճ հատուցում իրենց աշխատանքի համար, ինչը իր հերթին նպաստում է նոր գաղափարների զարգացմանը՝ խրախուսելով նորարարությանը:
Մտավոր սեփականությունը նպաստում է տնտեսական արժեքի բարձրացմանը, քանի որ այն հաճախ կազմում է ընկերությունների ամենաարժեքավոր ակտիվների մի մասը և էական դեր ունի ազգային տնտեսություններում:
Մտավոր սեփականությունը, պաշտպանելով տեղծագործական աշխատանքները, նպաստում է նաև մշակութային զարգացմանը, բազմազանությանը և ժառանգությանը:
Ընկերություններին տալիս է առանձնահատուկ դիրք շուկայում և օգնում տարբերվել մրցակիցներից՝ ստեղծելով մրցակցային առավելություն:
ՄՍ համակարգը
նպաստում է տեխնոլոգիական գիտելիքների տարածմանը և փոխանակմանը, քանի որ արտոնագրային համակարգը խրախուսում է գիտելիքների հրապարակային բացահայտումը, որոնք հետագայում օգտագործվում են այլ հետազոտողների կողմից
:
ՄՍ համակարգը բարձրացնում է սպառողների պաշտպանությունը՝ օգնելով սպառողներին տարբերակել իսկական ապրանքները կեղծ (կոնտրաֆակտ) ապրանքներից, ինչը բարձրացնում է որակի և անվտանգության մակարդակը:
Կարգավորում է շուկան՝ նպաստելով առողջ մրցակցությանը, և օգնում կանխել անբարեխիղճ գործելակերպը:
Այսպիսով, ՄՍ ոլորտի զարգացումը և մտավոր սեփականության օբյեկտների պահպանությունը նպաստում են տնտեսության աճին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և արդյունաբերության ճյուղեր՝ ավելի բարեկեցիկ դարձնելով կյանքը:
Մտավոր սեփականության ներուժը տնտեսական զարգացման և սոցիալական ու մշակութային բարեկեցության հզոր գործիք է: