Աշխարհագրական նշումը մի նշան է, որն օգտագործվում է այն ապրանքների վրա, որոնք ունեն որոշակի աշխարհագրական ծագում և այնպիսի հատկություններ կամ ճանաչում, որոնք բնորոշ են ծագման տվյալ վայրին։
Ընդհանուր առմամբ, աշխարհագրական նշումը բաղկացած է ապրանքների ծագման վայրի անունից։ Գյուղատնտեսական ապրանքներին բնորոշ են այնպիսի հատկանիշներ, որոնք պայմանավորված են դրանց արտադրության վայրով և որոնց վրա իրենց ազդեցությունն են թողնում տեղանքին հատուկ աշխարհագրական գործոնները, ինչպիսիք են կլիման և հողը։ Նշանի՝ որպես աշխարհագրական նշում օգտագործումը կախված է ազգային օրենսդրությունից և սպառողների ընկալումից։ Աշխարհագրական նշումն օգտագործվում է գյուղատնտեսական բազմաթիվ ապրանքների վրա, ինչպես, օրինակ, «Tuscany»–ը՝ Իտալիայի որոշակի տարածքում արտադրված ձիթապտղի ձեթի, կամ «Roquefort»–ը՝ Ֆրանսիայի որոշակի շրջանում արտադրված պանրի համար։
Աշխարհագրական նշումների օգտագործումը չի սահմանափակվում գյուղատնտեսական ապրանքներով։ Դրանք կարող են ընդգծել նաև արտադրանքի այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են արտադրանքի ծագման վայրին բնորոշ մարդկային գործոնի ազդեցությամբ, մասնավորապես՝ արտադրանքի պատրաստման հատուկ հմտություններն և ավանդույթները։