Ժամանակակից աշխարհում նորարարությունները դառնում են բիզնեսի զարգացման կարևոր շարժիչ ուժ։ Գիտական մշակումների և տեխնոլոգիական լուծումների մեջ ներդրումներ կատարող ընկերությունները ձգտում են պաշտպանել իրենց գաղափարները գյուտի արտոնագրերի միջոցով։ Սակայն, բացի իրավական պաշտպանությունից, գյուտի արտոնագրերը բերում են էական տնտեսական շահույթ։ Դիտարկենք, թե ինչպես են դրանք օգնում ընկերություններին բարձրացնել եկամտաբերությունը, պաշտպանել իրենց դիրքերը շուկայում և ներգրավել ներդրումներ։
Արտոնագրերը ոչ միայն մտավոր սեփականության պաշտպանության միջոց են, այլև հզոր գործիք՝ տնտեսական օգուտ ստեղծելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս ընկերություններին՝
. պաշտպանել տեխնոլոգիաները կրկնօրինակումից
. դրամայնացնել մշակումները լիցենզավորման և վաճառքի միջոցով
. ներգրավել ներդրումներ,
. բարձրացնել կապիտալիզացիան
. ապահովել իրավական պաշտպանություն մրցակիցներից։
Ուրեմն, ի՞նչ է գյուտի արտոնագիրը և ինչու՞ է այն անհրաժեշտ։ Արտոնագիրը փաստաթուղթ է, որն իրավատիրոջը տալիս է բացառիկ իրավունք՝ որոշակի ժամանակահատվածում (10, 20 կամ 25 տարի) օգտագործելու գյուտը։ Դա նշանակում է, որ այլ ընկերություններ կամ անհատներ չեն կարող կրկնօրինակել, վաճառել կամ կիրառել արտոնագրված սարքը կամ տեխնոլոգիան առանց իրավատիրոջ թույլտվության։ Բիզնեսի համար արտոնագրերը ռազմավարական նշանակություն ունեն. դրանք ոչ միայն պաշտպանում են մտավոր սեփականությունը, այլև ստեղծում են մրցակցային առավելություններ և հնարավորություն տալիս դրամայնացնել նորարարությունները։
Արտոնագիր ունեցող ընկերությունները կարող են դուրս մղել մրցակիցներին շուկայից՝ չթողնելով նրանց կիրառել նմանատիպ սարքը կամ տեխնոլոգիան։ Սա հատկապես կարևոր է բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն։
Գյուտի արտոնագրերը կարող են օգտագործվել ոչ միայն ընկերության ներսում, այլև լիցենզավորվել կամ վաճառվել։ Սա լրացուցիչ եկամտի աղբյուր է, հատկապես, եթե տեխնոլոգիան պահանջարկ ունի շուկայում։ Արտոնագրման դեպքում ընկերությունը կարող է թույլատրել այլ կազմակերպություններին օգտվել իր արտոնագրված տեխնոլոգիայից՝ լիցենզային վճարների (ռոյալթի) դիմաց, ինչը կայուն եկամուտ է ապահովում՝ առանց սեփական արտադրություն կազմակերպելու։ Իսկ արտոնագրի վաճառքի դեպքում, եթե տեխնոլոգիան այլևս ռազմավարական նշանակություն չունի, այն կարելի է վաճառել այլ ընկերության՝ զգալի շահույթ ստանալով։
Արտոնագրային պորտֆելի առկայությունն ընկերությունը դարձնում է ավելի գրավիչ ներդրողների համար։ Սա հատկապես կարևոր է տեխնոլոգիական ոլորտի ստարտափների համար։ Ներդրողները արտոնագրերը դիտարկում են որպես ակտիվ, որը հաստատում է բիզնեսի եզակիությունը և նվազեցնում մրցակցային ռիսկերը։
Արտոնագրերը բարձրացնում են բիզնեսի կապիտալիզացիան։ Ուժեղ արտոնագրային պորտֆել ունեցող ընկերությունները գնահատվում են ավելի բարձր, քանի որ նրանք տիրապետում են եզակի տեխնոլոգիաների, որոնք դժվար է կրկնօրինակել մրցակիցների կողմից։ Մեծ թվով արտոնագրեր ունեցող ընկերությունները կարողանում են պահպանել շուկայում իրենց առաջատար դիրքերը և սահմանել պրեմիում գներ իրենց արտադրանքի համար։
Եթե մրցակիցը խախտում է արտոնագրային իրավունքները, արտոնագրի սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցում։ Սա ոչ միայն պաշտպանում է ընկերության եկամուտները, այլև խիստ գործիք է անբարեխիղճ մրցակիցների զսպման համար։
Արտոնագրերի վրա կատարված ներդրումները կարող են դառնալ ընկերության հաջողության բանալին։ Ընկերությունները, որոնք խելամտորեն կառավարում են իրենց արտոնագրերը, ստանում են երկարաժամկետ մրցակցային առավելություններ և լրացուցիչ եկամտի աղբյուրներ։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: