Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որը գործում էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը, որով հաստատվել է գործակալության կառուցվածքը։
Այնուհետև, 2021թ.-ի հուլիսի 26-ին Մտավոր սեփականության գործակալությունը վերանվանվել է Մտավոր սեփականության գրասենյակ և ՀՀ Վարչապետի թիվ 786-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի նոր կանոնադրությունը, որով պահպանվել են Գրասենյակին վերապահված բոլոր գործառույթները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1996 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գրասենյակը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։
Գրասենյակը յուրաքանչյուր ամիս հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որը հրապարակվում է Մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնական կայքէջում։
Գրասենյակը հրատարակում է նաև արտոնագրված գյուտերի լրիվ նկարագրությունները։
Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջև «Կոմպակտ սկավառակների վրա արտոնագրային տեղեկատվական տարածաշրջանային համատեղ արտադրանքի թողարկման մասին» Մոսկվայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվում են գյուտերի մասին մատենագիտական տվյալները։
Գրասենյակի գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվող տարեկան հաշվետվություններում։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: