«Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.
Ապրանքային նշանով հնարավոր է դառնում տարբերել մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները մեկ այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից: Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և (կամ) ծառայությունը:
Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է: Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը:
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն: Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք: Գրանցված ապրանքային նշանը նաև իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանվող ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները` գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որտեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել:
Ապրանքային նշանի պահպանությունը պետք է ձեռք բերվի բարեխղճորեն, այսինքն՝ այն նախատեսված է ապրանքային նշանի իրավատիրոջ բիզնեսի պաշտպանության, այլ ոչ թե մրցակցության ազատության սահմանափակման կամ այլ ձեռնարկատերերի բիզնես գործունեությանը կանխամտածված խոչընդոտելու համար:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`
1. բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.
2. տառերը կամ թվերը.
3. նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.
4. եռաչափ պատկերները, մասնավորապես՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.
5. հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.
6. ձայնային ազդանշանները.
7. սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։
«Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետի համաձայն ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն կարգի N 1 ձևի (PDF, DOC), որը ներկայացվում է Մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):
Հայտարկված հայտով անցկացվում է փորձաքննություն`
Նախնական փորձաքննություն, որն անցկացվում է Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նախնական փորձաքննության արդյունքում կայացվում է որոշում՝ հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին:
Հրապարակում, որն իրականացվում է հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Ըստ էության փորձաքննության ընթացքում ստուգվում է Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի առկայությունը:
Գրանցում. Եթե ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա կայացվում է ապրանքային նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին որոշում, ապա սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է Գրասենյակ հետո ապրանքային նշանը գրանցվում է և տրվում է վկայական:
Ոչ, հնարավոր չէ, քանի որ օրենքով նման ընթացակարգ նախատեսված չէ:
Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
Ապրանքային նշանի գրանցումը իրականացվում է պետական լիազոր մարմնի (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի) կողմից, օրենքով սահմանված կարգով, նշանի գրանցման համար ներկայացված հայտի հիման վրա։
Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով։
Մեկ հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։
Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և ներկայացվի հայերեն, հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:
Օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասին համաձայն հայտը պետք է պարունակի, մասնավորապես`
1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում՝ ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.
3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման.
Օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը, մասնավորապես՝
1) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև մեկից ավել դասի առկայության դեպքում, յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման անդորրագիրը (Հաշիվ` N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ), իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ.
2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.
ինչպես նաև համապատասխան դեպքերում՝
3) դիմում՝ առաջնություն (միջազգային առաջնություն՝ Օրենքի 42 -րդ հոդվածի 2-րդ մաս, ցուցահանդեսային առաջնություն՝ Օրենքի 42 -րդ հոդվածի 3-րդ մաս) խնդրարկելու մասին.
4) թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) կոլեկտիվ նշանի կանոնակարգը.
7) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։
Այլ լեզվով փաստաթղթեր կցելիս Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հայտը, որը ներկայացվում է հայտատուի անունից, լրացվում է տպագիր, հետևյալ կարգով՝
1) հայտի 2-րդ կետում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին՝
ա. 2.1 կետում նշվում են հայտատուի անվանումը, իրավաբանական անձի դեպքում, կամ անունը, ազգանունը, եթե ֆիզիկական անձի դեպքում (կարող է նշվել նաև հայրանունը), կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (հայրանունը, եթե այն նշված է ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի (Հայաստանի Հանրապետության երկտառ ծածկագիրն է՝ AM)՝ նշելով համապատասխան վանդակը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում իրական գործունեության, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության վանդակը,
բ. 2.2 կետում նշվում է հայտատուի գտնվելու վայրը (ինչպես նշված է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ կամ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում և բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում, իսկ 2.3 կետում նշվում են նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
գ. 2.4 կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտատուները մեկից ավելի են։ Այս դեպքում, հայտի 2.1-2.3 կետերում նախատեսված՝ դրանց մասին տվյալները ներկայացվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են հայտին.
2) 3-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ հայտատուն ներկայացվում է ներկայացուցչի միջոցով․
3) 4-րդ կետում նշվում են ներկայացված հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ընթացքում հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) հայտի 5-րդ կետում զետեղվում են (զետեղվում կամ փակցվում է) հայտարկված ապրանքային նշանի վերաբերյալ պահանջները՝
ա) 5.1 կետում զետեղվում է հայտարկված ապրանքային նշանի պատկերը, որի չափերը չպետք է գերազանցեն 8 x 8 սանտիմետրը։ Եթե ապրանքային նշանի չափերը գերազանցում են 8 x 8 սանտիմետրը, ապա նշվում է 5.1 կետի վանդակը, և ապրանքային նշանի պատկերը տրվում է առանձին (կցվում է): Նիշի ևս մեկ օրինակ ներկայացվում է ստորագրված հավելվածի վրա: Նիշի պատկերը պետք է ունենա բարձրորակ գրաֆիկական կատարում, որը թույլ է տալիս այն վերարտադրել պատճենահանման տեխնիկայի միջոցով: Հայտարկված նիշի պատկերը ներկայացվում է այն գույներով կամ գույների համակցությամբ, որով խնդրարկվում է ապրանքային նշանի պետական գրանցումը:
բ) 5.2 կետում տրվում է ապրանքային նշանի համառոտ նկարագրությունը՝ հայտարկվող ապրանքային նշանի էությունը հասկանալու համար, որն ապրանքային նշանի գրանցման դեպքում չի հրապարակվում։ Նկարագրության մեջ տրվում է հայտարկվող ապրանքային նշանի բնութագիրը՝ բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, ապրանքային նշանի և դրա առանձին մասերի իմաստային նշանակությունը։ Եթե բառային ապրանքային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը, օրինակ, մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն։ Եթե բառային ապրանքային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ, հատուկ եզրույթ, պատմական անվանում, հնացած բառ), ապա տրվում է դրա իմաստի պարզաբանումը։ Եթե բառային ապրանքային նշանը ներկայացվում է ոչ հայերեն, ապա տրվում է դրա տառադարձությունը՝ հայոց լեզվի այբուբենի տառերով, և թարգմանությունը, եթե նշանն ունի բառային իմաստ։ Եթե ապրանքային նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում դրանց իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա։ Եթե պատկերային ապրանքային նշանը վերացական բնույթի է, ապա նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում.
գ) 5.3 կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանում օգտագործված տառերը կամ թվերը չունեն կատարման որոշակի առանձնահատկություններ և ներկայացված են ստանդարտ տեսքով,
դ) 5.4 կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ներկայացված է մեկ գույնով, և դրա պահպանությունը խնդրարկվում է որպես տարբերակիչ տարր,
ե) 5.5 կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ներկայացված ապրանքային նշանը ծավալային է, այն է՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը։ Այս դեպքում 5.1 դաշտում տրվում է այդ նշանի ընդհանուր տեսքը, իսկ հայտին կից ներկայացվում են նաև հայտարկվող ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները,
զ) 5.6-5.9 կետերի վանդակները նշվում են միայն այն դեպքերում, երբ հայտարկված ապրանքային նշանը վերաբերում է տվյալ կետում նշվածին,
Է) 5.10 կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ՝ կցելով կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
ը) 5.11 կետի վանդակը նշվում է գունավոր ապրանքային նշանների հայտարկման դեպքում՝ նշելով նաև այն գույները, որոնց համար խնդրարկվում է գրանցումը.
թ) 5.12 կետի վանդակը նշվում է, եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է դիսկլամացիայի ենթակա տարրեր, այսինքն՝ տարրեր, որոնց իրավական պահպանությունից հայտատուն հրաժարվում է.
ժ) 5.13 կետի վանդակը նշվում է միայն օտարերկրյա հայտատուների դեպքում, եթե տվյալ ապրանքային նշանը գրանցված է ծագման՝ հայտի 2-րդ կետում նշված երկրում։ Այս դեպքում հայտին կցվում է այդ գրանցման վկայագրի պատճենը․
զ) 5.14 և 5.15 կետերի վանդակները նշվում են՝ ելնելով հայտարկված ապրանքային նշանի բնույթից.
5) 6-րդ կետը լրացվում է միայն այն դեպքում, երբ, Oրենքի 42-րդ հոդվածի համաձայն, հայտարկված ապրանքային նշանի համար խնդրարկվում է առաջնություն․
6) 7-րդ կետը լրացվում է հայտում նշված աղյուսակի ձևով, որտեղ առաջին սյունակում տրվում են այն ապրանքների և (կամ) ծառայությունների ԱԾՄԴ-ի դասերը՝ աճման կարգով, իսկ երկրորդ սյունակում՝ առաջին սյունակում տրված ԱԾՄԴ-ի յուրաքանչյուր դասին համապատասխան կոնկրետ այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը։ Ապրանքները և ծառայությունները տրվում են դրանց նույնականացման հնարավորությունն ապահովող ճշգրիտ եզրույթներով։ Այն դեպքում, երբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ամբողջությամբ չի տեղավորվում հայտի 7-րդ կետում նախատեսված դաշտում, նշվում է վանդակը, և ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա, որը կցվում է հայտին․
7) հայտի 8-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները․
8) հայտի 9-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին.
9) 10-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտի 2.4, 6.2, 6.10 և 7-րդ կետերի համաձայն հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ) փաստաթղթեր, որոնք նշված չեն հայտի նախորդ կետերում, կետերում չնշված այլ փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։
Հայտերը լրացնելու օրինակներ՝
Ապրանքային նշանի հայտում ապրանքների և(կամ) ծառայությունների ցանկը նախատեսված է նշելու կոնկրետ ապրանքները և ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է ապրանքային նշանի պետական գրանցումը:
1) Հայտի դիմումի 7-րդ սյունակում նշվում է Նիցայի համաձայնագրով սահմանված ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասի (դասերի) համարը (համարները http://aipo.am/hy/pages/show/nice1)՝ նշելով այն ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումները, որոնց համար խնդրարկվում է ապրանքային նշանի պետական գրանցումը։ Ապրանքները և ծառայությունները պետք է տրվեն դրանց նույնականացման հնարավորությունն ապահովող ճշգրիտ տերմիններով։
2) յուրաքանչյուր դասի ապրանքները չպետք է պարունակեն կրկնօրինակ անվանումներ.
3) ապրանքների ցանկում նշված ապրանքների բոլոր անվանումները տրվում են միայն հայերեն և փոքրատառերով: Ապրանքները միմյանցից բաժանվում են կետով:
4) եթե ապրանքի կամ ծառայության անվանումը կարող է օգտագործվել տարբեր դասերում, ապա անհրաժեշտ է լրացուցիչ նշել՝
ա) ապրանքների համար՝ ապրանքի նպատակը, գործառույթը, նյութը, որից այն պատրաստված է կամ դրա գործողության սկզբունքը.
Օրինակ՝
11-րդ դասում ընդունելի ձևակերպումն է՝ գազային վառիչներ,
12-րդ դասում՝ սիգարետի վառիչներ ավտոմոբիլների համար,
34-րդ դասում՝ վառիչներ ծխողների համար:
6-րդ դասում ընդունելի ձևակերպումն է՝ մետաղական դռներ,
19-րդ դասում՝ ոչ մետաղական դռներ․
բ) ծառայության համար՝ գործունեության նպատակը (ոլորտը), որը համապատասխանում է ընտրված դասին.
Օրինակ՝
«խորհրդատվություն» ծառայությունը ելնելով ոլորտից, կարող է վերաբերել ԱԾՄԴ մի քանի դասերի
այն է՝
«խորհրդատվություն գործարարության կազմակերպման և կառավարման հարցերով» ծառայությունը վերաբերում է 35-րդ դասին,
«խորհրդատվություն ապահովագրության հարցերով» ծառայությունը վերաբերում է 36-րդ դասին,
«խորհրդատվություն գինեգործության ոլորտում» ծառայությունը վերաբերում է 40-րդ դասին,
5) ԱԾՄԴ-ում ներառված ապրանքների և ծառայությունների ցանկը սպառիչ չէ։ Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը կազմելիս, որոնց համար խնդրարկվում է ապրանքային նշանի պետական գրանցումը, հայտատուն կարող է նշել ապրանքներ և (կամ) ծառայություններ, որոնք բացակայում են ԱԾՄԴ-ում, նշելով դրանք ճշգրիտ կոնկրետ ձևակերպմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու այդ ապրանքները և (կամ) ծառայությունները՝ հաշվի առնելով ԱԾՄԴ դասը:
6) ապրանքների վաճառքի ծառայությունները (դաս 35) նշելու համար կարող են օգտագործվել տարբեր ձևակերպումներ, սակայն ապրանքների վաճառքի ծառայությունները մատնանշող տերմինները պետք է օգտագործվեն վաճառվող ապրանքների տեսականու կամ գործունեության ոլորտի պարզաբանումներով, օրինակ՝ «սննդի մանրածախ ծառայություններ», «շինանյութերի մեծածախ ծառայություններ», «սերմերի մանրածախ վաճառք», «հագուստի, կոշիկի, աքսեսուարների, կոսմետիկական միջոցների և օծանելիքի մանրածախ խանութների ծառայություններ», «կահույքի և կենցաղային ապրանքների լայն տեսականու մանրածախ խանութի ծառայություններ», «հացաբուլկեղենի ծառայություններ՝ հացաբուլկեղենի և հրուշակեղենի մանրածախ վաճառքի մասով», «դեղագործական ապրանքների մանրածախ վաճառքի ծառայություններ»։
7) Հետևյալ տերմինները չեն կարող վերագրվել ԱԾՄԴ որևէ դասի.
«խանութներ», ներառյալ՝ ապրանքների տեսականու նշումով, օրինակ՝ «գրախանութներ», «հագուստի խանութներ» և «հանրախանութների, սուպերմարկետների ծառայություններ» (չափազանց լայն ձևակերպում է, որը կարող է ներառել ոչ միայն ապրանքների վաճառքի ծառայություններ, բայց և այլ ծառայություններ, այդ թվում ԱԾՄԴ 35-րդ դասին չվերաբերվող ծառայություններ).
«առևտրի կենտրոններ», «առևտրի կենտրոնների ծառայություններ» (առևտրի կենտրոնների գործունեությունը կարող է ներառել, ի թիվս այլ բաների, առևտրային և պահեստային տարածքների վարձակալություն և չի կարող դասակարգվել ԱԾՄԴ 35-րդ դասում).
Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր (Հաշիվ` N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ)՝ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի, մասնավորապես՝
Հայտ ներկայացնելու համար՝ 30000 դրամ (ֆիզիկական անձինք և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով` 7500, 25-ից 100 աշխատող ունեցողը վճարում է 50% զեղչով՝ 15000, 100 -ից ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար սահմանված տուրքը չի զեղչվում)
Փորձաքննություն անցկացնելու համար՝ 40000 դրամ (ֆիզիկական անձինք և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով` 10000, 25-ից 100 աշխատող ունեցողը վճարում է 50% զեղչով՝ 20000, 100 -ից ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար սահմանված տուրքը չի զեղչվում)
Մեկից ավել յուրաքանչյուր դասի համար՝ 15000 դրամ (լրացուցիչ դասի առկայության դեպքում) (ֆիզիկական անձինք և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով` 3750 դրամ, 25-ից 100 աշխատող ունեցողը վճարում է 50% զեղչով՝ 7500 դրամ, 100 -ից ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար սահմանված տուրքը չի զեղչվում)
Վերը նշված տուրքերը վճարվում և ներկայացվում են հայտը ներկայացնելիս
Ապրանքային նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին որոշում ստանալու օրվանից եռամսյա ժամկետում վճարվում է ապրանքային նշանի գրանցման համար տուրքը՝ 50000 դրամ (ֆիզիկական անձինք և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով` 12500 դրամ, 25-ից 100 աշխատող ունեցողը վճարում է 50% զեղչով՝ 25000 դրամ, 100 -ից ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար սահմանված տուրքը չի զեղչվում)
Ապրանքային նշանի հայտը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված։
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով։
Ապրանքային նշանը պահպանվում է այն պետության տարածքում, որտեղ գրանցված է: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պահպանություն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա նշանակում է, որ օտար երկրներում ձեր ապրանքային նշանը կարող է օգտագործվել և նույնիսկ գրանցվել ցանկացած այլ անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցելու օտարերկրյա պետություններում` հայտ ներկայացնելով անմիջապես այն երկրի համապատասխան գրասենյակ, որտեղ հայտատուն ցանկանում է իրավական պահպանություն ստանալ կամ կատարել դրա միջազգային գրանցում։
Ոչ, նախատեսված չէ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: