Մադրիդյան համակարգի շրջանակներում ապրանքային նշանների միջազգային գրանցման առավելությունները
Մադրիդյան համակարգը հարմար և ծախսարդյունավետ լուծում է օտարերկրյա պետություններում ապրանքային նշանների գրանցման և կառավարման համար: Այն թույլ է տալիս մեկ դիմում ներկայացնելով և մեկ արժույթով միանվագ միջազգային տուրք վճարելով պահպանություն ստանալ Մադրիդյան համակարգի անդամ շուրջ 123 երկրներում (Մադրիդյան համակարգի անդամների ցուցակ), իսկ միասնական, կենտրոնացված համակարգը հնարավորություն է տալիս ապրանքային նշանների համաշխարհային գրանցամատյանում կատարել փոփոխություն, գրանցման գործողության երկարաձգում և գրանցման պահպանության հետագա տարածքային ընդլայնում (նշել այն երկրները, որոնք սկզբնական միջազգային հայտում նշված չեն եղել):
Միջազգային հայտ ներկայացնելու պայմանները:
1. Ապրանքային նշանի միջազգային գրանցումը հիմնված է ապրանքային նշանի ազգային գրանցման կամ հայտի վրա, որը կատարվել կամ հայտարկվել է ծագման երկրի գերատեսչությունում (Հայաստանի Հանրապետությունում՝ Մտավոր սեփականության գրասենյակ):
Այսպիսով, միջազգային հայտ ներկայացնելու համար ապրանքային նշանը պետք է ծագման երկրում լինի գրանցված կամ հայտարկված:
2. Յուրաքանչյուր ոք, ով ծագման երկրի հետ ունի անձնական կամ գործնական հարաբերություններ, կարող է միջազգային հայտ ներկայացնել: Սա նշանակում է, որ անձը պետք է ունենա մշտական բնակության վայր կամ արդյունաբերական կամ առևտրային հաստատության գտնվելու վայր, կամ լինի ծագման երկրի քաղաքացի:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Միջազգային հայտ ներկայացնելու համար գրանցված ապրանքային նշանի իրավատերը կամ հայտարկված ապրանքային նշանի հայտի հայտատուն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում (ազատ ոճով շարադրված)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ՝ ՄՍՀԿ ՄԲ) միջազգային հայտ ներկայացնելու մասին (ներկայացվում է Մտավոր սեփականության գրասենյակի պետի անունով).
Միջազգային հայտ (MM2 ձևաթուղթ)՝ թղթային փաստաթղթի ձևով և էլեկտրոնային եղանակով, լրացված Մադրիդյան համաձայնագրի և արձանագրության Ընդհանուր հրահանգի 9-րդ կանոնի պահանջներին համապատասխան (հայտատուի ընտրությամբ ֆրանսերեն կամ անգլերեն).
Վճարման անդորրագիր, որը հաստատում է ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար «Պետական տուրքերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «իբ» ենթակետով սահմանված 30000 դրամի պետական տուրքի վճարումը 900005016200 հաշվին.
Վճարման անդորրագրի պատճեն, որը հաստատում է Մադրիդյան համաձայնագրով և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված ՄՍՀԿ բանկային հաշվին փոխանցված վճարները՝ շվեյցարական ֆրանկով.
ՄՍՀԿ բանկային փոխանցման մանրամասները՝
Account name: WIPO / OMPI
Credit Suisse, CH-1211 Geneva 70
IBAN: CH51 0483 5048 7080 8100 0
Swift: CRESCHZZ80A
Լիազորագիր, եթե հայտը ներակայացվել է ներկայացուցչի միջոցով:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: