Արդյունաբերական դիզայնն իրի արտաքին տեսքի այն լուծումն է, որը նոր է և ինքնատիպ, որի նկատմամբ կարելի է ստանալ իրավական պահպանություն։ Դա կարող է ներառել արտաքին ձևը, գույները, ուրվագծերը, զարդարանքը կամ դրանց համադրությունը, որն ապագա ապրանքին կարող է տալ յուրահատուկ և ճանաչելի տեսք։
Դուք ամեն օր առօրյայում հանդիպում եք արդյունաբերական դիզայնի օբյեկտների՝ հաճախ ուշադրություն չդարձնելով դրանց վրա։ Դա կարող է լինել ինքնատիպ թեյնիկ, շոկոլադի սալիկի հետաքրքիր փաթեթավորում, նորաձև զարդ կամ հագուստի զարդանախշ։ Սրանք արդյունաբերական դիզայնների օրինակներ են, որոնք սպառողի աչքերում արտադրանքն առավել գրավիչ և հիշվող են դարձնում։
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե որևէ մեկը կրկնօրինակի այդ դիզայնը։ Հենց այստեղ է, որ կարող է օգնել արդյունաբերական դիզայնի արտոնագիրը։ Արտոնագիրը փաստաթուղթ է, որն իրավատիրոջը տալիս է բացառիկ իրավունք՝ որոշակի ժամանակահատվածում օգտագործելու իր դիզայնը։ Արտոնագրի գործողության ժամկետը հինգ տարի է և կարող է երկարաձգվել մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով` մինչև քսանհինգ տարին լրանալը:
Ի՞նչ առավելություններ կունենաք, երբ ստանաք արտոնագիր
1. Պաշտպանություն կրկնօրինակումից. Եթե դուք ստեղծել եք յուրահատուկ դիզայն, ապա այն կարող են կրկնօրինակել մրցակիցները։ Արտոնագիրը ձեզ տալիս է բացառիկ իրավունք օգտագործելու այն և արգելելու ուրիշներին կրկնօրինակել, վաճառել, օգտագործել առանց ձեր թույլտվության։ Եթե մրցակիցը խախտում է արտոնագրային իրավունքները, արտոնագրի սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցում։ Սա ոչ միայն պաշտպանում է ընկերության եկամուտները, այլև ուժեղ գործիք է անբարեխիղճ մրցակիցների զսպման համար։
2. Մրցակցային առավելություն. Իրի ինքնատիպ արտաքին տեսքն օգնում է ապրանքին առանձնանալ շուկայում, պահպանել առաջատար դիրքեր, հավակնել պրեմիում գնի, գրավել սպառողների ուշադրությունը և խթանել վաճառքը:
3. Առևտրային արժեք. Պաշտպանված արդյունաբերական դիզայնը կարելի է վաճառել, տրամադրել լիցենզիայի միջոցով՝ դրամայնացնելով նորարարությունը և ներգրավելով ներդրումներ կամ պարզապես օգտագործել որպես ընկերության արտադրանքի յուրօրինակ այցեքարտ։ Լիցենզային վճարները (ռոյալթի) կարող են ապահովել կայուն եկամուտ՝ առանց սեփական արտադրություն կազմակերպելու:
4. Իմիջ և հեղինակություն. Դիզայնի գրանցումը ցույց է տալիս, որ դուք գնահատում եք և ունակ եք պաշտպանել Ձեր ստեղծած նորարարությունը՝ հանուն բիզնեսի հեղինակության։
Ինչպե՞ս ստանալ արտոնագիր
Արտոնագիր ստանալու համար կարող եք հայտ ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ։ Հիմնական պայմանն այն է, որ դիզայնը պետք է լինի նոր և ինքնատիպ։ Փորձաքննության արդյունքում կստուգվի՝ արդյո՞ք նման կամ աննշան տարբերվող արդյունաբերական դիզայն արդեն գոյություն ունի, և եթե ոչ՝ ձեզ կտրվի արդյունաբերական դիզայնի արտոնագիր։
Արդյունաբերական դիզայնը մտավոր սեփականության պահպանության օբյեկտ է, որը կարող է վճռորոշ դեր խաղալ ապրանքի իրացման հաջողության մեջ։ Այն պահպանելով և պաշտպանելով՝ դուք պաշտպանում եք ձեր գաղափարը, աշխատանքը և բիզնեսը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
