Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։
Հեղինակային իրավունքը տարածվում է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների լայն շրջանակի վրա, ինչպիսիք են՝ գրականության, երաժշտության, գեղանկարչության, պարարվեստի, քանդակագործության, ճարտարապետության, տեսալսողական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները և այլն:
Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են, հեղինակի գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։
Ստեղծագործության օգտագործում է համարվում ստեղծագործության վերարտադրումը, տարածումը, բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը, փոխատվությունը, թարգմանությունը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հրապարակային ցուցադրումը, հեռարձակումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը:
Հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային վարձատրության դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ:
Երկրների մեծամասնությունում և Բեռնի կոնվենցիայի համաձայն` հեղինակային իրավունքն առաջանում է ստեղծագործության ստեղծման փաստով և գործող օրենքով դեռևս ենթակա չէ գրանցման:
Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների վերաբերյալ
Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունները ոչ առևտրային կազմակերպություններ են, որոնք հիմնադրվում են անմիջապես հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեղինակային և հարակից իրավունքների այլ իրավատերերի կողմից: Գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը մի ընթացակարգ է, որը գործում է աշխարհի զարգացած երկրների մեծ մասում և այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագիր արտադրողների եւ նրանց իրավահաջորդների գույքային իրավունքների կառավարումը անհատական հիմունքներով դժվար է կամ որոշ դեպքերում նույնիսկ անհնարին, ապա այստեղ օգնության կարող են գալ գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները: Փաստացի կոլեկտիվ կառավարման կազմակերպությունները հանդիսանում են միջնորդ իրավատերերի և օգտագործողների միջև: Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները իրականացնում են հետևյալ գործառույթները՝ կազմակերպությունները ստանձնում են հեղինակների և նրանց իրավահաջորդների շահերը ներկայացնելու լիազորությունները և կնքում են համապատասխան թույլտվության պայմանագրեր օգտագործողների հետ՝ կողմերի հետ համաձայնեցնելով օգտագործման և վարձատրության պայմանները, ինչպես նաև գանձում են վճարներ օգտագործողներից և բաշխում հեղինակային և հարակից իրավունքների իրավատերերի միջև:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
