2026 թվականի հունիսի 15-ից 16-ը Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել «Մտավոր սեփականությունը գործնականում․ Մտավոր սեփականության հիմունքներ ապագա նորարարների համար» (“IP in Action: Basics for Future Innovators”) դասընթացը, որը կազմակերպվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիայի (WIPO Academy), Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության բաժնի (AUA Extension) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից։
Մտավոր սեփականությունը կարևոր դեր ունի երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում։ Գիտակցելով մտավոր գործունեության արդյունքների արդյունավետ օգտագործման և մտավոր սեփականության իրավունքների հուսալի պաշտպանության կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը շարունակաբար իրականացնում է նպատակային բարեփոխումներ՝ ուղղված ազգային մտավոր սեփականության համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը։
Այս նախաձեռնությունների շրջանակում 2023 թվականին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիայի (WIPO Academy) և ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի համագործակցությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնը՝ Intellectual Property Training Center (IPTC): 2024 թվականին ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի միջոցով մեկնարկվել է ՀՀ մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի Intellectual Property Training Program (IPTP) ծրագիրը։
Սույն դասընթացը հանդիսանում է ՀՀ մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի մեկնարկային դասընթացը, որով տրվում է դրա պաշտոնական բացումը։ Առաջիկա տարիներին IPTP ծրագրի շրջանակներում կիրականացվեն մտավոր սեփականությանը վերաբերող տարբեր թեմաներով նոր դասընթացներ։ Այս ինտերակտիվ դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն տարբերակել մտավոր սեփականության իրավունքների տեսակները և հասկանալ դրանց պաշտպանության հիմունքները, բացահայտել մտավոր սեփականության առցանց և իրական խախտումները և դրանց ազդեցությունը, ինչպես նաև ուսումնասիրել մտավոր սեփականության առևտրայնացման հնարավորությունները՝ լիցենզավորման, ֆրանչայզինգի և այլ միջոցներով։ Դասընթացը ներառում է ինտերակտիվ դասախոսություններ և գործնական առաջադրանքներ, որոնք նախատեսված են մտավոր սեփականության ոլորտում սկզբնական գիտելիքներ ունեցող կամ ոլորտին անծանոթ երիտասարդների համար։
Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) ակադեմիայի կողմից հավաստագրված դասընթացավարներ՝
• Անի Դավթյան – «Lawsuit» փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն, իրավաբան, ՄՍՀԿ Ակադեմիայի հավաստագրված դասընթացավար
• Սանասար Գևորգյան – «Point of Law» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր և գլխավոր տնօրեն, արտոնագրային հավատարմատար, ՄՍՀԿ Ակադեմիայի հավաստագրված դասընթացավար։
Վայրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Բաղրամյան 40 փ․, Երևան
Ամսաթիվը՝ 15-16 հունիս, 2026 թ.
Ժամը՝ 11:00 – 14:00
Լեզու՝ Հայերեն։
Մասնակցության համար խնդրում ենք մինչև հունիսի 12-ը գրանցվել ներկայացված հղումով, հետևելով գրանցման քայլերին։ Դասընթացն անցկացվում է անվճար, սակայն խնդրում ենք նկատի ունենալ, որ մասնակցության համար պահանջվում է հայտադիմումի վճար (5000 դր)։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
