Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ-ի Անցումային և զարգացող երկրների բաժնի տնօրեն պարոն Հաբիպ Ասանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականին ՄՍՀԿ-ի հետ համատեղ մեկնարկած և ներկայումս շարունակվող ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ համագործակցության շրջանակում իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Արժեքի բացահայտում․ մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրին, որի շրջանակում իրականացվում են կարողությունների զարգացման միջոցառումներ և վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև մշակվում է «Մտավոր սեփականություն և բրենդավորում հայկական գինու համար» ուղեցույցը։
Քննարկվել է նաև 2025 թվականին մեկնարկած «Մտավոր սեփականությունը բջջային հավելվածների համար» (IP4Apps Bootcamp) միջազգային դասընթացը, որն իրականացվել է ՄՍՀԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությամբ և ուղղված է երիտասարդ ծրագրավորողների ու ուսանողների շրջանում մտավոր սեփականության վերաբերյալ գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-17-ը Երևանում նախատեսվող «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ազգային վերապատրաստման դասընթացին», որը կկազմակերպվի ՄՍՀԿ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ ջանքերով։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակը մինչև 2026 թվականի ավարտը ՄՍՀԿ-ին կներկայացնի 2027 թվականին ՄՍՀԿ աջակցությամբ նախատեսվող միջոցառումների և ծրագրերի առաջարկները՝ հետագա համագործակցության ուղղությունները ձևավորելու նպատակով։
Կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և ՄՍՀԿ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը և մտավոր սեփականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
