Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների 68-րդ շարքի նիստերի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը հանդիպում է ունեցել ՄՍՀԿ գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
Հանդիպման սկզբում Գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Դարեն Թանգին ՄՍՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության իրականացման գործում և ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ՄՍՀԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՍՀԿ-ին՝ Հայաստանի մտավոր սեփականության համակարգի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի մտավոր սեփականության ոլորտում իրականացվող հիմնական աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄՍՀԿ Ակադեմիայի հետ համագործակցությամբ ստեղծվող Մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնին, ինչպես նաև ՄՍՀԿ-ի հետ համատեղ իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերին Երևանում նախատեսվող՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային վերապատրաստման դասընթացին։
Քննարկվել են նաև Մտավոր սեփականության գրասենյակի թվայնացման և ծառայությունների արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև աշխարհագրական նշումների ոլորտում արձանագրված առաջընթացը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Սինգապուր–Հայաստան–ՄՍՀԿ համագործակցության հնարավորություններին՝ արհեստական բանականության, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերի, գիտահետազոտական գործունեության, նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում։ Նշվել է, որ Սինգապուրի փորձը կարող է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի բարձր տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի զարգացման համար։ Այս համատեքստում ընդգծվել է Նանյան տեխնոլոգիական համալսարանի (Nanyang Technological University) հետ համագործակցության հնարավորությունը՝ համատեղ հետազոտական և նորարարական ծրագրերի իրականացման նպատակով, ինչպես նաև ՄՍՀԿ-ի աջակցությունը՝ նման համագործակցության ձևաչափի ձևավորման գործում։
Կողմերը քննարկել են նաև Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ իրականացվող համագործակցությունը՝ EU4IP ծրագրի շրջանակում, և կարևորել Հայաստանի Հանրապետության ու ՄՍՀԿ-ի միջև ձևավորված արդյունավետ գործընկերության շարունակական զարգացումը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
