2026 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացավ «Մտավոր սեփականությունը և ստեղծարար արդյունաբերությունները. տեսալսողական արդյունաբերության մտավոր սեփականության ներուժի բացահայտումը» խորագրով տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչները։ Համաժողովը կազմակերպվել էր Մոլդովայի Հանրապետության մտավոր սեփականության պետական գործակալության (AGEPI) կողմից՝ Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ համագործակցությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, իրավունքների պատկանելիության, լիցենզավորման ու առևտրայնացման, ինչպես նաև կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թվային միջավայրում տեսալսողական բովանդակության տարածմանն ու դրամայնացմանը, առցանց խախտումների դեմ պայքարին և արհեստական բանականության կիրառմամբ պայմանավորված իրավական խնդիրներին։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային համատեղ արտադրությունների զարգացման և միջազգային շուկաներ հասանելիության հնարավորություններին։
Համաժողովի շրջանակներում Մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկեց ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ազգային մոտեցումները՝ ծանոթանալով միջազգային և տարածաշրջանային փորձին։ Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան պանելային քննարկումներին՝ ներկայացնելով հայկական տեսալսողական և կինոարտադրության ոլորտին առնչվող փորձն ու մոտեցումները։ Ամփոփիչ քննարկումների ընթացքում ընդգծվեց տեսալսողական ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության և արդյունավետ օգտագործման նպատակով համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
