Աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:
Աշխարհագրական նշման նպատակը բխում է դրա սահմանումից: Այն նշում է այն վայրը, որը որոշում է այնտեղից ծագող ապրանքների բնորոշ հատկանիշները, ուստի աշխարհագրական նշման նպատակն է սպառողներին տեղեկացնել արտադրանքի ծագման և ծագման վայրի հետ կապված հատկությունների մասին:
Աշխարհագրական նշման իրավունքը թույլ է տալիս դրա օգտագործման իրավունք ունեցող անձանց կանխել նշման օգտագործումը երրորդ անձանց կողմից, որոնց արտադրանքը չի համապատասխանում գործող չափանիշներին: Այնուամենայնիվ, պահպանվող աշխարհագրական նշումը իրավունք չի տալիս օգտագործման իրավունքի իրավատիրոջը խոչնդոտել այլ անձանց կողմից ապրանքների արտադրությանը սույն նշման չափանիշներում նշված տեխնոլոգիայով: Որպես կանոն, աշխարհագրական նշման պահպանությունը հիմնված է նշման գործառույթ կատարող նիշի նկատմամբ իրավունքներ ստանալու վրա։
Աշխարհագրական նշումները սովորաբար օգտագործվում են գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի նկատմամբ, բացառությամբ բնական և հանքային ջրերի:
Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից` իրենց ապրանքները կամ ծառայությունները այլ ձեռնարկությունների ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար: Մինչդեռ աշխարհագրական նշումը ցույց է տալիս, որ ապրանքը պատրաստվում է որոշակի վայրում և ունի առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են արտադրության վայրով:
Ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելել իր ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը երրորդ անձանց կողմից, մինչդեռ աշխարհագրական նշումը կարող է օգտագործվել ցանկացած անձի կողմից, որն ապրանքներն արտադրում է աշխարհագրական նշումով սահմանված վայրում, և որի ապրանքների հատկանիշները պետք է բավարարեն սահմանված պահանջներին:
Այսինքն՝ տեղանվան իրավատեր որպես այդպիսին գոյություն չունի, հետևապես՝ տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքների մասին խոսք լինել չի կարող։
Ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով, ներառյալ՝ բնական և մարդկային գործոնները, և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.
Երաշխավորված ավանդական արտադրանք՝ գյուղատնտեսական արտադրանք կամ սննդամթերք, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն:
Որպես աշխարհագրական նշում, ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանք չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն անվանումները, որոնք՝
1) դարձել են ապրանքի համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում.
2) հակասում են հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր են ազգային կամ հոգևոր արժեքներին։
Անվանումը չի կարող գրանցվել որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, եթե՝
1) որևէ ապրանքային նշանի համբավի ու ճանաչված լինելու, ինչպես նաև դրա տևական օգտագործման պատճառով գրանցումը կարող է մոլորության մեջ գցել սպառողին ապրանքի իսկության հարցում.
2) շփոթություն է առաջացնում բույսի տեսակի, սորտի կամ կենդանու ցեղատեսակի օմոնիմիկ (նույնանուն, համանուն) անվանման հետ համադրելի արտադրանքի հարցում, եթե աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտի ներկայացման թվականի դրությամբ բույսի տեսակը կամ կենդանու ցեղատեսակը եղել է առևտրային արտադրության առարկա, որի հետևանքով վտանգ է առաջանում, որ սպառողը կարող է գրանցված անվանումը կրող արտադրանքը շփոթել բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակի հետ։
Ո՛չ, պահպանվող անվանումները չեն կարող դառնալ համընդհանուր օգտագործման (ջեներիկ)։
Գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները պաշտպանվում են՝
1) գրանցված անվանման ուղղակի կամ անուղղակի ցանկացած առևտրային օգտագործումից՝ գրանցումով չներառված արտադրանքի համար այնքանով, որքանով այդ ապրանքները համեմատելի են տվյալ անվանմամբ գրանցված արտադրանքի հետ, կամ այնքանով, որքանով այդպիսի օգտագործումը թույլ է տալիս օգտվել պահպանվող անվանման համբավից.
2) ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից (եթե նույնիսկ նշված է ապրանքի իրական ծագումը) կամ պահպանվող անվանման թարգմանաբար օգտագործումից կամ այնպիսի օգտագործումից, երբ պահպանվող անվանումն ուղեկցվում է «սեռ», «տեսակ», «տիպ» «ոճ», «նմանակում» կամ նմանատիպ այլ արտահայտություններով.
3) ցանկացած կեղծ կամ շփոթություն առաջացնող նշումից, որը վերաբերում է ապրանքի ծագմանը, աշխարհագրական վայրին, բնապայմաններին կամ էական որակական հատկություններին, որոնք առկա են ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա, գովազդում, տվյալ ապրանքին վերաբերող փաստաթղթերում կամ փաթեթավորման համար նախատեսված բեռնարկղերի վրա, որոնք կարող են մոլորեցնել ապրանքի աշխարհագրական ծագման հարցում.
4) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել ապրանքի իրական աշխարհագրական ծագման վերաբերյալ։
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցումն իրականացվում են համապատասխանաբար NN 1 (PDF, DOC), 2 (PDF, DOC), 3 (PDF, DOC) ձևերով տրված հայտերի հիման վրա, որը ներկայացվում է մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ)։
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն, և այդ գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքը համապատասխանում է օրենքի 8-րդ կամ 9-րդ հոդվածների պահանջներին։
Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին՝
1) կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը.
2) կարող են միանալ նաև այլ շահագրգիռ անձինք։
Հայտատուն կարող է հանդես գալ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով։
Հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Կցվող փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում հայտը ներկայացնելու թվականից երկու ամսվա ընթացքում ներկայացվում է դրանց հայերեն թարգմանությունը։
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան հայտին կցվում են՝
1) Օրենքով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
2) միասնական փաստաթուղթը, որը պարունակում է տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը՝ անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը, արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաև՝ փաթեթավորման կամ արտադրանքի պիտակավորման նկատմամբ կիրառվող հատուկ պահանջները, նշված աշխարհագրական գոտու սահմանների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 2-րդ կետերի համաձայն աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման միջև եղած կապի նկարագրությունը, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում արտադրանքի նկարագրության հատուկ տարրերը կամ դրա արտադրության մեթոդը, որոնք հաստատում են այդ կապը։
2. Գինիների համար աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
1) անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը.
2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
3) գինու անալիտիկ և օրգանոլեպտիկ հիմնական հատկանիշները, իսկ աշխարհագրական նշման դեպքում՝ նաև օրգանոլեպտիկ հատկանիշների գնահատումը,
4) գինեգործական հատուկ եղանակների կիրառման դեպքում՝ գինու պատրաստման համապատասխան առանձնահատկությունները.
5) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
6) յուրաքանչյուր հեկտարից ստացված բերքի առավելագույն չափը.
7) խաղողի տեսակի կամ տեսակների նշումը, որից պատրաստվել է գինին.
8) օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին կամ համապատասխան դեպքում՝ 8-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին վերաբերող մանրամասներ։
3. սպիրտային խմիչքների համար աշխարհագրական նշում գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
1) սպիրտային խմիչքի անվանումը և կատեգորիան, որի համար հայտարկվում է գրանցումը
2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
3) սպիրտային խմիչքի նկարագրությունը, ներառյալ՝ դրա հիմնական ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկանիշները, ինչպես նաև համապատասխան կատեգորիային պատկանող սպիրտային խմիչքների յուրահատուկ հատկանիշները.
4) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
5) սպիրտային խմիչքի պատրաստման եղանակի նկարագրությունը. համապատասխան դեպքերում՝ տվյալ տեղանքին հատուկ և անփոփոխ եղանակը.
6) աշխարհագրական բնապայմաններին կամ աշխարհագրական ծագմանն առնչվող ցանկացած մանրամասներ.
7) ցանկացած պահանջ, որը սահմանված է տվյալ երկրի և (կամ) ազգային և (կամ) տարածաշրջանային օրենսդրությամբ.
8) աշխարհագրական նշման ցանկացած լրացում և (կամ) տեխնիկական հատկորոշումներով նախատեսված արտադրանքի պիտակավորման ցանկացած հատուկ պահանջ։
4. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտին պետք է կցվեն՝
1) օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
2) տեխնիկական հատկորոշումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների անվանումները, դրանց գտնվելու վայրը (հասցեները) և գործառույթները.
3) փաստաթղթեր, որոնք ապացուցում են արտադրանքի յուրահատուկ և ավանդական բնույթը։
Գրասենյակ ներկայացված հայտով անկացվում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է հայտի համապատասխանությունը օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին և օրենքով սահմանված պահպանության պահանջներին։ Փորձաքննության տևողությունը չպետք է գերազանցի իննամսյա ժամկետը։ Փորձաքննության գործընթացը ներառում է հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննություն և ըստ էության փորձաքննություն։
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր (Հաշիվ` N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ)՝ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի, մասնավորապես՝
Հայտ ներկայացնելու համար՝ 30000 դրամ
Փորձաքննություն անցկացնելու համար՝ 40000 դրամ
Այս տուրքերը վճարվում և ներկայացվում են հայտ ներկայացնելիս
Աշխարհագրական նշումը աշխարհագրական նշումների, ծագման տեղանունը ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանում գրանցելու և հայտատուին աշխարհագրական նշման, ծագման տեղանվան օգտագործելու իրավունք տրամադրելու մասին որոշում ստանալու օրվանից եռամսյա ժամկետում վճարվում է գրանցման համար տուրքը՝ 50000 դրամ:
Հայտը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝
փոստով, թղթային փաստաթղթի ձևով, հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մ. Մկրտչյան 5/1,
անձամբ, թղթային փաստաթղթի ձևով, հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մ. Մկրտչյան 5/1:
Աշխարհագրական նշման գրանցումը գործում է անժամկետ, սակայն այն դադարեցվում է, եթե տվյալ աշխարհագրական տարածքի համար հատուկ բնական կամ մարդկային գործոնների փոփոխման կամ վերացման պատճառով անհնար է դառնում արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք կունենան գրանցամատյանում նշված որակը և հատկանիշները:
Տեխնիկական հատկորոշումների հաստատման, տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության ընդհանուր սկզբունքների, փուլերի և ընթացակարգերի սահմանման լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: