Հեղինակային իրավունքը իրավաբանական տերմին է, որն օգտագործվում է գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների նկատմամբ ունեցած իրավունքները նկարագրելու համար: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և այլ երկրների մեծ մասը ղեկավարվում է «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայով, համաձայն որի՝ հեղինակային իրավունքի տիրապետումը կախված չէ որևէ ձևականության իրականացման հետ:
Այսինքն՝
Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս):
Հեղինակային իրավունքի պահպանությունը տարածվում է գրականության, գիտության և արվեստի բոլոր ստեղծագործությունների վրա: Ստեղծագործությունները տարբերվում են իրենց արտահայտման, օգտագործման ձևով, ինչպես նաև ինքնուրույնության աստիճանով: Հեղինակային իրավունքի օբյեկտների դասակարգումը բխում է հիմնականում Բեռնի կոնվենցիայից, սակայն ամեն մի երկիր իրավասու է կանոնակարգելու հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված)
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով հստակ սահմանված են այն օբյեկտների ցանկը, որոնք չեն պահպանվում հեղինակային իրավունքով: Սակայն, հեղինակների կողմից հաճախ տրվող հարցերի մեծ մասը վերաբերում են գաղափարների պահպանությանը: Հարցը կայանում է նրանում, որ եթե գաղափարները պահպանվեին որպես հեղինակային իրավունքի օբյեկտ և դրանց տրվեր բացառիկ իրավունք, ապա դա կխանգարեր ստեղծագործական մտքի ազատ զարգացմանը, քանի որ միևնույն գաղափարի հիման վրա կարող են ստեղծվել տարբեր ստեղծագործություններ որոնք կտարբերվեն մեկը մյուսից իրենց ինքնատիպությամբ:
Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը (Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն տրամադրել այլ անձանց, ովքեր հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:
Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները և նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են հեղինակային իրավունքի մասին օրենքով տրամադրվող իրավունքներից։
Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները հեղինակի կողմից կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվել (զիջվել) երրորդ անձանց կամ նրանց տրամադրվել օգտագործման թույլտվություն (լիցենզիա)` հեղինակի և նրանց միջև կնքված համապատասխանաբար՝ զիջման կամ լիցենզային (այսուհետ նաև՝ հեղինակային) պայմանագրի հիման վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, որն էլ հանդիսանում է կողմերի երաշխիքը, քանի որ տվյալ պայմանագրով կարգավորվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք վերաբերում են ստեղծագործության օգտագործմանը:
Պայմանագրի կողմը, որի իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են կարող է դատարանի միջոցով պահանջել իր իրավունքների հարկադիր իրականացում:
Ինչպես արդեն նշել ենք հեղինակային իրավունքի պահպանությունը տրամադրվում է ավտոմատ կերպով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից։
Ուստի Մտավոր սեփականության գործակալությունը չի իրականացնում հեղինակային իրավունքի օբյեկտների գրանցման գործառույթ:
Սակայն, հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ կրողների իրավունքների ապահովման նպատակով գործում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններ: Նման կազմակերպությունները ստեղծվում են ուղղակիորեն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների տերերի կողմից և գործում են ստացված լիազորությունների շրջանակներում («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-64-րդ հոդվածներ)
Ինչպես հեղիանակային իրավունքի համար այնպես էլ հարակից իրավունքների ծագման և դրանց իրականացման համար նշված իրավունքների գրանցման կամ որևէ այլ գործողության կատարում չի պահանջվում («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք 52-րդ հոդված):
Հարակից իրավունքները սերտորեն առնչվում են հեղինակային իրավունքին, սկիզբ են առնում ստեղծագործությունից, որը կատարվում է, ձայնագրվում կամ հաղորդվում է ռադիոհեռուստատեսությամբ կամ այլ տարբերակով: Հարակից իրավունքները տարածվում են գործունեության այն տեսակների վրա, որոնք աջակցում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործության տարածմանը, այլ ոչ թե ստեղծմանը, այսինքն՝ ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու ձևերի վրա:
Հարակից իրավունքների պահպանության ժամկետը, համաձայն Հռոմի կոնվենցիայի, առնվազն 20 տարի է, սակայն ազգային օրենքներով կարող են սահմանվել պահպանության ավելի երկար ժամկետներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարակից իրավունքների պահպանության ժամկետները սահմանված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածով:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: