Ընդհանրապես գյուտ ասելով հասկանում են որևիցե խնդրի նոր լուծում, որը տեխնիկապես իրագործված է, ավելի ընդհանուր՝ մարդկային գործունեության որևէ բնագավառին վերաբերող նոր տեխնիկական լուծում։
«Արտոնագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տրվում են՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) կարող է դիմել (ներկայացնել հայտ)՝ հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է արտոնագիր ստանալու իրավունքը (այսուհետ նաև՝ հայտատու)։ Հայտատուն՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է կամ կազմակերպությունը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը։ Արտոնագիր ստանալու իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ չի պահանջվում։
Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ, Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով։
Համաձայն գործող օրենսդրության, օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գրասենյակի հետ գործավարությունն իրականացնում են Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը դառնում է ավելի դյուրին և տնտեսապես ավելի նպատակահարմար։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։ Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու Գրասենյակ, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե նրանք բավականին փորձ ու հմտություն ունեն արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։
«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (հղում) համաձայն արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:
Հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Այլ լեզվով դրանք ներկայացնելու դեպքում, հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը` հայտը ներկայացնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտը ներառում է՝
1) դիմում՝ արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին (դիմումի ձևը տես՝ Ձևաթղթեր և տուրքեր բաժնում).
2) գյուտի նկարագրությունը.
3) գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.
4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.
5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
Հայտին կցվում են՝
1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե դրանք ներկայացվել են այլ լեզվով.
3) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այս հղումով՝ «Գյուտի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման Կարգ»:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտ ձևակերպելուն կարող են օգնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարները, որոնց ցանկը կարող եք գտնել այստեղ
Արտոնագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ ներկայացնելով։
Հայտը կարող է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ անմիջականորեն (առձեռն), փոստային առաքմամբ կամ Գրասենյակի կայքի էլեկտրոնային համակարգի (հղում) միջոցով:
Գրասենյակի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մ. Մկրտչյան 5/1:
Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա:
Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ ներկայացնելու միջոցով:
Եթե հայտատուն ներկայացրել է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, ապա`
1) գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված գյուտի արտոնագիր տալուց հետո.
2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը, որով գործավարությունը շարունակվում է գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման թվականի դրությամբ, համարվում է հետկանչված այդ թվականից:
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է պետական տուրք՝
• ֆիզիկական անձանց և մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.
• 25-ից մինչև 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
• 100 և ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 20000 (քսան հազար) դրամ:
Ներկայացված հայտում առկա՝ հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ պետք է վճարվի վերը նշված պետական տուրքերի 25% չափին հավասար պետական տուրք:
Օրինակ՝ եթե հայտը ներկայացվում է ֆիզիկական անձի կողմից և հավակնության սահմանումը պարունակում է 6 կետ (անկախ և կախյալ), ապա գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար պետական տուրքը կկազմի՝ 5000 դրամ + 1250 դրամ (5000 դրամի 25%-ը) = 6250 դրամ:
Սահմանված պետական տուրքը պետք է վճարվի պետական բյուջե՝ N 900005016200 բանկային հաշվին:
Արտոնագրային պահպանություն նշանակում է, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտն առևտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այս արտոնագրային իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։ Շատ երկրների դատարաններն իրավունք ունեն դադարեցնել արտոնագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։
Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս գյուտի նկատմամբ, որը ցանկացած բնագավառի արտադրանք կամ եղանակ է, կամ առաջարկում է խնդրի նոր տեխնիկական լուծում։ Արտոնագիրը պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքը գյուտի նկատմամբ։
Արտոնագրատերն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց արտոնագրված գյուտի օգտագործումը մինչև արտոնագրի պահպանության ժամկետի ավարտը։ Արտոնագրատերը կարող է թույլատրել կամ լիցենզիա տալ այլ անձանց օգտագործելու գյուտը՝ փոխհամաձայնեցված պայմաններով։ Արտոնագրատերը կարող է նաև վաճառել գյուտի նկատմամբ իր իրավունքները մեկ ուրիշի, ով տվյալ դեպքում կդառնա արտոնագրի նոր սեփականատերը (արտոնագրատերը)։ Արտոնագրի ժամկետը լրանալուն պես, պաշտպանությունն ավարտվում է, և գյուտը դառնում է հանրային սեփականություն, այսինքն, սեփականատերն այլևս զրկվում է գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքներից, իսկ գյուտը մատչելի է դառնում երրորդ անձանց՝ արդյունաբերական շահագործման համար։
Գյուտի արտոնագիրը գործում է 20 տարի, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու օրվանից: Գյուտի արտոնագրի գործողության ժամկետին վերաբերող առանձնահատկությունները սահմանված են «Արտոնագրերի մասին» օրենքով:
Գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործում է 10 տարի, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու օրվանից:
Արտոնագիրը գործողության մեջ պահելու համար վճարվում են տարեկան պետական տուրքեր, որոնց չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:
Տարեկան պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև գործողության ընթացիկ տարվա ավարտը: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տարեկան պետական տուրքի չափն ավելանում է 50 տոկոսով:
Տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության երկրորդ տարվանից:
Եթե գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև «Արտոնագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) (հղում) 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գյուտի առարկաների օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն անցել է ավելի քան հինգ տարի, ապա համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգում է Գրասենյակը` արտոնագրատիրոջ դիմումի համաձայն:
Դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված՝ 50 000 դրամի չափով պետական տուրքի վճարման դեպքում:
Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն ընկած ժամանակահատվածի չափով` հանած հինգ տարի, բայց ոչ ավելի քան, հինգ տարով:
Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, Գրասենյակ է ներկայացվում արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման օրվանից՝ վեցամսյա ժամկետում, կամ մինչև արտոնագիր տալու թվականից վեց ամիսը լրանալը՝ կախված նրանից, թե նշված ժամկետներից որն է լրանում ավելի ուշ:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: