1. Հայաստանի Հանրապետությունում տրվող պահպանական փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետությունում տրվում են երկու տեսակի արտոնագրեր՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր:
2. Հայտը և կից փաստաթղթերը
Գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի (գյուտի միասնության պահանջ)։
Արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է Մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացնել գյուտի արտոնագիր ստանալու կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, որը ներառում է՝
1) դիմում` արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին.
2) գյուտի նկարագրությունը.
3) գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.
4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.
5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
Հայտին կցվում են`
1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե «Արտոնագրերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայտը ներկայացվել է այլ լեզվով.
3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:
3. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը
Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա: Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ ներկայացնելու միջոցով (յուրաքանչյուր հայտի համար առանձին վճարելով հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը):
4. Հայտի լեզուն
Արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:
Հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Այլ լեզվով դրանք ներկայացնելու դեպքում, հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը` հայտը ներկայացնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:
5. Հայտի ներկայացման ձևերը
Հայտը Գրասենյակ ներկայացվում է գրավոր, առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում գործող՝ հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով:
6. Հայտի փորձաքննությունը
Գրասենյակը ստուգում է հայտի և դրա առարկա հանդիսացող գյուտի համապատասխանությունը «Արտոնագրերի մասին» օրենքով սահմանված պահանջներին: Այդ նպատակով Գրասենյակն անցկացնում է հայտի ձևական (սահմանվում է հայտի ներկայացման թվականը) և նախնական փորձաքննություն, իսկ գյուտի արտոնագիր ստանալու հայտով՝ նաև գյուտի ըստ էության փորձաքննություն (հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա):
Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն`
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր,
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ,
3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրություն:
Միջազգային հայտի ներկայացման թվականը սահմանվում է ԱՀՊ-ին համապատասխան:
7. Հայտի նախնական փորձաքննությունը
Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը եռամսյա ժամկետում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ: Այս դեպքում նախնական փորձաքննության համար սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը:
8. Գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակումը
Նախնական փորձաքննության արդյունքներով գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում Գրասենյակը հրապարակում է հայտը` այն ներկայացնելու թվականից, իսկ խնդրարկված առաջնության դեպքում` առաջնության թվականից հաշված՝ 18 ամիս լրանալուց հետո:
Միջազգային հայտերի մասին տեղեկությունները հրապարակվում են ազգային փուլ փոխադրման օրվանից վեց ամիս լրանալուց հետո:
Հայտատուի դիմումի համաձայն՝ օրենքով սահմանված (10000 դրամ) պետական տուրքի վճարման պայմանով, հայտը կարող է հրապարակվել մինչև նշված տասնութամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալը:
9. Երրորդ անձանց առարկությունները
Հայտի հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարկված գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով Գրասենյակի կողմից որևէ որոշման կայացումը, ցանկացած երրորդ անձ կարող է Գրասենյակ առարկություն ներկայացնել տվյալ հայտով գյուտի արտոնագիր տալու դեմ` «Արտոնագրերի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:
Ստացված առարկության մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին` դրա վերաբերյալ իր նկատառումները ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ:
Ստացված առարկությունը և հայտատուի ներկայացված նկատառումները Գրասենյակը հրապարակում է դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
Ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները հաշվի են առնվում տվյալ հայտով անցկացվող գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում:
10. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու վերաբերյալ Գրասենյակի որոշումը
Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում, եթե Գրասենյակը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է «Արտոնագրերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա Գրասենյակը` հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումները, ստուգում է գյուտի համապատասխանությունը կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններին, որի արդյունքներով որոշում է կայացնում գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին:
11. Գյուտի ըստ էության փորձաքննությունը
Հայտի հրապարակումից հետո հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա, որը կարող է Գրասենյակ ներկայացվել հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո՝ հինգ տարվա ընթացքում, գյուտի արտոնագիր ստանալու հայտով անցկացվում է գյուտի ըստ էության փորձաքննություն:
Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում մասնավորապես ստուգվում է գյուտի համապատասխանությունը «Արտոնագրերի մասին» օենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գյուտի արտոնագրաունակության պայմաններին:
Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով Գրասենյակը կայացնում է որոշում գյուտի արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:
12. Արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարման պայմանները
Գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին կայացված որոշումը Գրասենյակն ուղարկում է հայտատուին՝ այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման առաջարկությամբ: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որի դեպքում տուրքի չափն ավելանում է 50 տոկոսով:
13. Արտոնագիր տալը և դրա մասին տեղեկությունների հրապարակումը
Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Եթե արտոնագիրը խնդրարկվում է մի քանի անձանց անունով, ապա նրանց բոլորին տրվում է մեկ արտոնագիր:
Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին:
Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը պաշտոնական տեղեկագրում և գյուտի գրանցումը գրանցամատյանում իրականացվում է ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից, ինչպես նաև` միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից երեք ամիս լրանալուց հետո:
Արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ Գրասենյակը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: