Արդյունաբերական դիզայնը որևէ իրի արտաքին տեսքի զարդանախշային կամ գեղագիտական լուծումն է։ Դիզայնը կարող է ծավալային լինել, ինչպես, ասենք, իրի ձևը կամ մակերևույթը, կամ երկչափ հատկանիշներ ունենալ, ինչպես, օրինակ՝ նախշեր, գծեր կամ գույներ։ Արդյունաբերական դիզայններ են արդյունաբերական և տնայնագործական բազմազան արտադրանքները՝ տեխնիկական և բժշկական սարքավորումներից մինչև ժամացույցները, զարդերը և այլ թանկարժեք իրերը, տնային օգտագործման առարկաներից և էլեկտրական սարքավորումներից մինչև ավտոմեքենաներն ու ճարտարապետական կառույցները։
Արդյունաբերական դիզայնն իրը գրավիչ և հետաքրքիր են դարձնում, արդյունքում բարձրանում է ապրանքի առևտրային արժեքը և շուկայում դրա իրացման հավանականությունը։ Երբ արդյունաբերական դիզայնը պահպանվում է, արտոնագրատերը՝ ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը, ով արտոնագրել է դիզայնը, բացառիկ իրավունք է ձեռք բերում արգելելու երրորդ անձանց դիզայնի անօրինական վերարտադրումը կամ նմանակումը։ Դա նպաստում է կատարած ներդրման դիմաց արդարացի վարձատրություն ստանալուն։ Պահպանության արդյունավետ համակարգն օգտակար է նաև սպառողների և հանրության լայն շրջանակների համար, քանի որ ապահովում է բարեխիղճ մրցակցություն և արդար առևտուր, ինչպես նաև նպաստում է ստեղծագործական գործունեության զարգացմանն ու գրավում սպառողի ուշադրությունը գեղագիտական ապրանքների նկատմամբ։ Արդյունաբերական դիզայնների պահպանությունը նպաստում է տնտեսության զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը արդյունաբերական և տնայնագործական արտադրության ճյուղերում, ինչպես նաև ավանդական արվեստի և արհեստների բնագավառներում։ Դրանք էլ, իրենց հերթին, նպաստում են առևտրային գործունեության ընդլայնմանն ու ազգային արտադրատեսակների արտահանմանը։
Հայտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացնում է հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է արտոնագիր ստանալու իրավունքը, և որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (այսուհետ նաև՝ հայտատու)։
Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։
Համաձայն գործող օրենսդրության, օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գրասենյակի հետ գործավարությունն իրականացնում են Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը դառնում է ավելի դյուրին և տնտեսապես ավելի նպատակահարմար։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։ Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու Գրասենյակ, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե ինքը բավականին փորձ ու հմտություն ունի արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։
«Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-3-րդ մասերի համաձայն արտոնագիր ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:
Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով։ Այս դեպքում հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում:
Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է վերաբերել մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի, պայմանով, որ դրանք վերաբերում են ԱԴՄԴ մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի։
Արդյունաբերական դիզայնի հայտը ներառում է՝
1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին (դիմումի ձևը տես՝ Ձևաթղթեր բաժնում).
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ բացահայտող և վերարտադրման հնարավորություն ունեցող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) արտադրանքի նշումը, որում արդյունաբերական դիզայնը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել:
Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է ներառել՝
1) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին)։ Հայտում նշվելուց հեղինակի հրաժարվելու դեպքում՝ հայտատուի հայտարարությունն այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին հայտում նշված լինելուց.
2) տեղեկություններ, որոնք անհատականացնում են արտոնագրային հավատարմատարին կամ հայտատուի այլ ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
3) տեղեկություններ՝ խնդրարկվող առաջնության մասին (համապատասխան դեպքում).
4) ԱԴՄԴ ցուցիչը՝ Լոկառնոյի համաձայնագրին համապատասխան.
5) խնդրանք՝ արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգելու մասին «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Արդյունաբերական դիզայնի հայտին կցվում են՝
1) լիազորագիրը՝ հայտը արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում.
2) արդյունաբերական դիզայնի նկարագրությունը՝ հայտատուի ցանկությամբ.
3) արդյունաբերական դիզայնի առաջնությունը հաստատող փաստաթուղթը՝ առաջնություն խնդրարկելու դեպքում.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի։
Արդյունաբերական դիզայնի հայտ ձևակերպելուն կարող են օգնել Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարները, որոնց ցանկը կարող եք գտնել այստեղ
Արտոնագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը Գրասենյակ ներկայացնելով։
Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է ներկայացվել Գրասենյակ անմիջականորեն (առձեռն), փոստային առաքմամբ կամ Գրասենյակի կայքի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Գրասենյակի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մ. Մկրտչյան 5/1:
Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է պետական տուրք՝
• ֆիզիկական անձանց և մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.
• 25-ից մինչև 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
• 100 և ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար՝ 20000 (քսան հազար) դրամ:
Ներկայացված հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ 8000 (ութ հազար) դրամ (գործում է զեղչերի համակարգ):
Վերը նշված պետական տուրքի հետ միաժամանակ վճարվում է՝
• արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքը՝ 30000 (երեսուն հազար) դրամ (նշված պետական տուրքը չի զեղչվում), իսկ
• հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար սահմանված պետական տուրքը՝ լրացուցիչ 20000 (քսան հազար) դրամ (նշված պետական տուրքը չի զեղչվում):
Օրինակ՝ եթե հայտը ներկայացվում է ֆիզիկական անձի կողմից և հայտում ներառված է 3 արդյունաբերական դիզայն, ապա հայտը գրանցելու համար սահմանված պետական տուրքը կկազմի՝ 5000 դրամ + 1250 դրամ + 1250 դրամ = 7500 դրամ:
Իսկ ըստ էության փորձաքննության անցկացման համար սահմանված պետական տուրքը կկազմի՝ 30000 դրամ + 20000 դրամ + 20000 դրամ = 70000 դրամ:
Սահմանված պետական տուրքը պետք է վճարվի պետական բյուջե՝ № 900005016200 բանկային հաշվին:
Արտոնագրի պահպանություն նշանակում է, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության արդյունաբերական դիզայնն առևտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այդ իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։ Շատ համակարգերում դատարաններն իրավունք ունեն դադարեցնել արտոնագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։ Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս արդյունաբերական դիզայնի նկատմամբ, այն պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքն արդյունաբերական դիզայնի նկատմամբ։
Արդյունաբերական դիզայնի պահպանության` արտոնագրի գործողության ժամկետը հինգ տարի է` հայտի ներկայացման թվականից հաշված:
Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով` ընդհանուր առմամբ մինչև հայտի ներկայացման թվականից քսանհինգ տարին լրանալը։
Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում են պետական տուրքեր, որոնց չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով :
Համալիր (բարդ) իրի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ,
այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ:
Մեկից ավելի արդյունաբերական դիզայնների արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև դրանց մի մասի համար:
Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը Գրասենյակ ներկայացվում է արտոնագրի գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի վերջին տարվա ընթացքում:
Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև սահմանված
ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ (սահմանված պետական տուրքի 50%-ի չափով) պետական տուրքի վճարման դեպքում:
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական դիզայնը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում՝ հայտ ներկայացնելով անմիջականորեն այն երկրի գերատեսչություն, որտեղ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Հաագայի համաձայնագրի կամ Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության համաձայն:
Օտարերկրյա պետություններում արդյունաբերական դիզայնի արտոնագրման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գրասենյակի գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժին
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2024 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: