1. Հայտին ներկայացվող պահանջները
Արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացնել արդյունաբերական դիզայնի հայտ:
Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է վերաբերել մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի, պայմանով, որ դրանք վերաբերում են ԱԴՄԴ մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի։
Արդյունաբերական դիզայնի հայտը ներառում է՝
1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ բացահայտող և վերարտադրման հնարավորություն ունեցող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) արտադրանքի նշումը, որում արդյունաբերական դիզայնը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել:
Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է ներառել՝
1) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին)։ Հայտում նշվելուց հեղինակի հրաժարվելու դեպքում՝ հայտատուի հայտարարությունն այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին հայտում նշված լինելուց.
2) տեղեկություններ, որոնք անհատականացնում են արտոնագրային հավատարմատարին կամ հայտատուի այլ ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
3) տեղեկություններ խնդրարկվող առաջնության մասին (համապատասխան դեպքում).
4) ԱԴՄԴ ցուցիչը՝ Լոկառնոյի համաձայնագրին համապատասխան.
5) խնդրանք՝ արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգելու մասին «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Արդյունաբերական դիզայնի հայտին կցվում են՝
1) լիազորագիրը՝ հայտը արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում.
2) արդյունաբերական դիզայնի նկարագրությունը՝ հայտատուի ցանկությամբ.
3) արդյունաբերական դիզայնի առաջնությունը հաստատող փաստաթուղթը՝ առաջնություն խնդրարկելու դեպքում.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի։
2. Հայտի լեզուն
«Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-3-րդ մասերի համաձայն արտոնագիր ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:
Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով։ Այս դեպքում հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում:
3. Հայտի ներկայացման ձևերը
Հայտը և մյուս փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվում են առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով)՝ այցելելով Գրասենյակի կայք։
4. Հայտի փորձաքննությունը
Գրասենյակը ստուգում է հայտի և դրա առարկա հանդիսացող արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Այդ նպատակով Գրասենյակը անցկացնում է հայտի ձևական (սահմանվում է հայտի ներկայացման թվականը), նախնական և ըստ էության փորձաքննություններ:
Հայտի ձևական փորձաքննության ընթացքում Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն`
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի կամ դրանց մի մասի արտաքին տեսքը բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Միջազգային հայտի ներկայացման թվականը սահմանվում է Հաագայի համաձայնագրին համապատասխան:
Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն փոխակերպված հայտի ներկայացման թվականը սահմանվում է տվյալ հոդվածին համապատասխան։
5. Հայտի նախնական փորձաքննությունը
Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը տասն աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում նախնական փորձաքննության համար սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։
Հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը։
6. Արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը
Եթե Գրասենյակը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտը հրապարակել «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Հայտատուի դիմումի համաձայն՝ օրենքով սահմանված (10000 դրամ) պետական տուրքի վճարման պայմանով հայտի նախատեսված հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը։
7. Երրորդ անձանց առարկությունները
Հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ Գրասենյակ գրավոր հիմնավորված առարկություն ներկայացնել հետևյալ հիմքերով՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին.
2) արդյունաբերական դիզայնը ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ արդյունաբերական դիզայնի հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա) կամ ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական սեփականության ցանկացած այլ պահպանվող օբյեկտ` առանց իրավատիրոջ թույլտվության.
3) հայտատուն, «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն, հայտ ներկայացնելու իրավասություն ունեցող անձ չէ:
Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված (10000 դրամ) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Առարկության քննարկման արդյունքներով Գրասենյակը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, եթե հայտարկված բոլոր արդյունաբերական դիզայնները կամ դրանց մի մասը արտոնագիր տալու ենթակա չեն.
2) առարկությունը մերժելու մասին։
8. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննությունը
Գրասենյակը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահպանունակության պայմաններին (նորություն և ինքնատիպություն)։
Արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններն ստուգվում են՝ հաշվի առնելով առնվազն անմիջականորեն Գրասենյակի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը։
9. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումները
Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննության արդյունքով, հաշվի առնելով առարկության քննարկման արդյունքներով ընդունված որոշումները, Գրասենյակը որոշում է կայացնում`
1) արտոնագիր տալու մասին, եթե պարզվել է, որ արդյունաբերական դիզայնը համապատասխանում է պահպանունակության պայմաններին, կամ
2) արտոնագիր տալը մերժելու մասին` «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` արտոնագիր տալը մերժելու մասին հիմքերով:
10. Արտոնագիր տալը և դրա մասին տեղեկություններ հրապարակելը
Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա որոշումը հայտատուին ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում, կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակն արդյունաբերական դիզայնը գրանցում է արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:
Եթե արտոնագիրը խնդրարկվում է մի քանի անձանց անունով, ապա նրանց բոլորին միասին տրվում է մեկ արտոնագիր: Ընդ որում, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արտոնագրատերերից յուրաքանչյուրին կարող է տրվել արտոնագրի պատճենը:
Արտոնագիր տալու թվական համարվում է Գրասենյակի՝ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: